Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը կշահի այն նախագծերից, որոնք կարող են անցնել իրենց երկրով՝ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման միջոցով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ Միջին միջանցքը (Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին) առանձնահատուկ նշանակություն ունի և ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է։
Թուրք նախարարը հույս է հայտնել, որ «Հայաստանը նույնպես խելքի կգա և նույնպես կշահի այն նախագծերից, որոնք կանցնեն այս երկրով»։
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը նոյեմբերի 30-ին թուրքական լրատվամիջոցներից մեկի եթերում ասել է, որ նոյեմբերի սկզբին հայկական և թուրքական տեխնիկական պատվիրակությունները «սահմանի հայկական և թուրքական կողմերում հանդիպել են երկու պատվիրակություններին,նույնիսկ ճաշել Հայաստանի տարածքում»։
«Քննարկվել են սահմանների բացման ընթացքում իրականացվելիք աշխատանքները, կամրջի վերանորոգման, սահմանային հսկողության, անցակետերի հետ կապված հարցեր։ Այս առումով մենք կարող ենք խոսել գործընթացի դրական տեղաշարժի մասին»,- ասել է Քալընը։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը մինչ այժմ անցկացրել են 4 հանդիպում՝ մեկը Մոսկվայում, 3-ը՝ Վիեննայում։ 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած վերջին հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս արագ ապահովել երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և սկսել բեռների ուղիղ օդային փոխադրումներ Հայաստանի և Թուրքիայի միջև։