ԱՊՀ-ի ամանորյա ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում կարող է տեղի ունենալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Կոնկրետ պայմանավորվածություններ չկան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման վերաբերյալ, սակայն նրանք կարող են խոսել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի ամանորյա ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ աշխատանքները շարունակվում են և հետագան ցույց կտա, թե ինչ կլինի։
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ հայկական կողմը չի բացառում հայ-ադրբեջանական գագաթնաժողովի անցկացումը մինչև 2022 թվականի ավարտը։ Նա նշել էր, որ հայկական կողմը ֆիքսված չէ միայն Բրյուսելի վրա և պատրաստ է ցանկացած բովանդակալից քննարկման։