ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ անդրադառնալով նախօերին՝ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ վերջին հանդիպման ժամանակ հնչեցված մի շարք հայտարարություններին։ ԱԳՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցի ամբողջական տարբերակը։
Անհնար է առկա սպառնալիքների պայմաններում բանակցություններ վարել, նշել է Միրզոյանն՝ անդրադառնալով Լավրովի վերջին հայտարարությանը, ով միջադեպերի շարունակականության մասին համոզմունք էր հնչեցրել, որ եթե կողմերից մեկը յուրաքանչյուր անգամ հրաժարվի մասնակցել նախապես համաձայնեցված բանակցություններին, ապա հակամարտությունները չեն լուծվի։
«Հայկական կողմը հստակ մատնանշել է հանդիպման հետաձգման պատճառը և անհրաժեշտությունը։ Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում:
Ինչ վերաբերում է այդ դրսևորումների հետագա շարունակականության մասին համոզմունքին, կարծում եմ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմը կոչված են հենց նման համոզմունքները բացառելուն»,-նշել է Միրզոյանը։
Լավրովի՝ բանակցություններին չմասնակցելու վերաբերյալ հայկական կողմի որոշման և այդ որոշման փոխանցման վերաբերյալ հայտնած զարմանքի առնչությամբ Միրզոյանը նշել է. «Զարմանք եմ հայտնում իմ հարգարժան գործընկեր Սերգեյ Լավրովի զարմանքի առնչությամբ։ Հայկական կողմի խնդրանքը ՀՀ ԱԳՆ-ն և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը փոխանցել են թե՛ ՌԴ ԱԳՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը: Հակառակ դեպքում անբացատրելի է, թե ինչպես կարող էր ՌԴ ԱԳՆ-ն իր տարածած մամուլի հաղորդագրությամբ շատ ավելի շուտ ազդարարել հայկական կողմի Մոսկվա չմեկնելու մասին, քան դրա և դրա պատճառների մասին կհասցներ հայտարարել ՀՀ ԱԳՆ-ն»,-նշել է Միրզոյանը։
Նույն հանդիպման ժամանակ Բայրամովի հայտարարության առնչությամբ, թե իբր 2020թ.-ի նոյեմբերին Հայաստանը խոստացել է 8 գյուղեր «ազատել», սակայն չի կատարել այդ պայմանավորվածությունը, Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարությամբ նման պարտավորություն չի ստանձնել։ «Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններ, գոյություն չունեն։
Կարծում ենք, Ադրբեջանի ԱԳ նախարարը նման մտացածին պայմանավորվածությունների մասին խոսելով` փորձ է կատարում արդարացնել իր երկրի կողմից նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու կոպիտ խախտումները:
Միաժամանակ հարկ եմ համարում հիշեցնել, որ Հայաստանը քանիցս հանդես է եկել զորքերի հետքաշման` Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ֊ների միջև գոյություն ունեցած վարչական սահմանով տեղակայելու առաջարկով»,-նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նշենք, որ նախօրեին Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ միջադեպերը կշարունակվեն, եթե ամեն անգամ կողմերից մեկը հրաժարվի բանակցությունների համաձայնեցված փուլից: Այսպես է նա մեկնաբանել Հայաստանի հրաժարումը Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը մասնակցելուց։