Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր հայ պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ (ԺԴԿ-HDP) Կարո Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել «պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի արգելափակումը դադարեցնելու հարցում»։ Այս մասին հայտնում է Emenihaber-ը։
«Կովկասում խաղաղության և հանգստության հաստատումը, բախումների և լարվածության կանխումը նաև Թուրքիայի օգտին է։ Եթե Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք, ապա թե՛ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում և թե՛ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում կարող ենք վերադառնալ դրական օրակարգի»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: