Ժամանակն է, որ թուրքերը, հայերն ու քրդերը գրկախառնվեն։ Այս մասին հայտարարել է «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության թուրք պատգամավոր Կարո Փայլանը։
«Մենք գտնվում ենք Թուրքիա-Հայաստան սահմանին և, ցավոք սրտի, այս սահմանը փակ է արդեն 30 տարի։ Ադրբեջանցիները, հայերը, թուրքերը, քրդերն այս տարածաշրջանի ժողովուրդներն են, և հարյուր տարի մեր ապրած ցավի պատճառով նրանք բաժանվել են։ Հիմա ժամանակն է, որ թուրքերը, հայերն ու քրդերը գրկախառնվեն»,- ասել է Փայլանը։
Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ Էրդողանն ասել էր, որ Թուրքիա-Հայաստան սահմանը կարող է բացվել նախ երրորդ երկրների, իսկ հետո՝ Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների համար։
«Բայց հայ-թուրքական սահմանը դեռ բացված չէ. Ինչո՞ւ այս սահմանը չի բացվում։ Ես պարոն Էրդողանին հարցնում եմ, թե ինչո՞ւ չի բացվել Թուրքիա-Հայաստան սահմանը։ Ո՞րն է այս սահմանի բացման խոչընդոտը»,- հարց է ուղղել Փայլանը։
Ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է։
Հիշեցնենք, որ «Hürriyet» պարբերականը գրել էր, որ Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև 2022 թվականի վերջ։ Ըստ աղբյուրի՝ օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում և թուրքական ապրանքները Վրաստանի տարածքով անցնելու փոխարեն կկարողանան ուղղակիորեն հասնել Հայաստան՝ օդային բեռների միջոցով: