ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը «կանգ է առել» աջ ծայրահեղական Ռասմուս Փալուդանի կողմից Ղուրանն այրելուն Թուրքիայի զայրացած արձագանքի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատող ցույցերի պատճառով, սակայն Ստոկհոլմում դեռևս ամռանը դաշինքին անդամակցելու հույս ունեն: Այս մասին շաբաթ օրը Expressen թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը, փոխանցում է ТАСС-ը։
«Վերջին մի քանի շաբաթների իրադարձությունները ժամանակավորապես դադարեցրել են գործընթացը, բայց, իհարկե, նախկինի պես արդիական է, որ առանց կատարված հուշագրի մենք չենք կատարի աշխատանքի մեր մասը, ուստի կառավարությունն այժմ նույնպես էներգիա ու ժամանակ է ներդնում, որպեսզի մենք առաջ շարժվենք այդ գործընթացում», – ասել է նա:
Կառավարությունը հույս ունի, որ այս ամառ Շվեդիան, այնուամենայնիվ, կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին։ «Բնականաբար, մենք ակնկալում ենք Վիլնյուսի գագաթնաժողով, – պատասխանել է նախարարը այն հարցին, թե երբ Շվեդիան կարող է դառնալ լիիրավ անդամ։ – Իհարկե, վերջին իրադարձությունները չեն թեթևացրել իրավիճակը, բայց, ի վերջո, հենց հուշագիրն ու ստանձնած պարտավորությունները պետք է վճռորոշ նշանակություն ունենան»։
Նախարարի խոսքով՝ Շվեդիան գրեթե կատարել է Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև համաձայնագրի բոլոր կետերը։ Արտգործնախարարը կարծում է, որ թուրքական խորհրդարանը պետք է մոտ լինի Շվեդիայի հայտի հավանությանը։ «Ես ուզում եմ ընդգծել, որ Թուրքիան գտնվում է նախընտրական քարոզարշավի կեսին, որի գագաթնակետը կլինի մայիսի 14 – ի ընտրությունների օրը, ուստի կարևոր է նաև հետևել գործընթացի այդ մասերին», – հավելել է Բիլստրյոմը: