Ադրբեջանը տարհանել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Թեհրանից Բաքու է մեկնել դեսպանատան տարհանված աշխատակիցների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև դիվանագիտական առաքելության երկու աշխատակիցների տեղափոխող ինքնաթիռը, որոնք վիրավորվել են դեսպանատանը տեղի ունեցած միջադեպի ժամանակ:
Ինքնաթիռը Բաքու կհասցնի նաև Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման հետևանքով զոհված դեսպանատան աշխատակցի մարմինը:
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության պահպանության ծառայության պետը, ևս երկու աշխատակից վիրավորվել է։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանաանին խստորեն դատապարտել է զինված հարձակումը և հայտնել, որ նախաքննության արդյունքների համաձայն՝ հարձակման հետևում անձնական դրդապատճառներ են եղել: Ադրբեջանի ԱԳՆ վարչության պետ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքվում չեն կարծում, որ «Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կատարվել է անձնական դրդապատճառներով»: