Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հատուկ օպերացիա է իրականացրել իրանական լրտեսական ցանցը բացահայտելու համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նրանց տվյալներով՝ գործողությունն իրականացվել է SalamNews լրատվական գործակալությունում և Interaz հեռուստաալիքում, որի ընթացքում 7 մարդ է բերման ենթարկվել։
Ադրբեջանի ԱԳՆ-ն երեքշաբթի կոչ էր արել երկրի քաղաքացիներին հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ի գիշերը Իրանի Սպահան նահանգում պաշտպանական-արդյունաբերական համալիրի վրա անօդաչու թռչող սարքերով անհաջող հարձակում էր եղել: Սպահանում պաշտպանական սարքավորումների արտադրության համալիրի վրա հարձակված երեք ԱԹՍ-ներից մեկը խոցվել էր օբյեկտի ներսում տեղակայված պաշտպանական համակարգի կողմից, իսկ մյուս երկուսը պայթել էին՝ թակարդների մեջ ընկնելով: Բացի այդ, պայթյուններ են եղել նաև Համադան և Քերեջ քաղաքների ռազմական գործարաններում։
Հիշենենք նաև, որ ավելի վաղ Ադրբեջանը տարհանել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին։ Պատճառն Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակումն է եղել, որի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության պահպանության ծառայության պետը, ևս երկու աշխատակից վիրավորվել է։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է զինված հարձակումը և հայտնել, որ նախաքննության արդյունքների համաձայն՝ հարձակման հետևում անձնական դրդապատճառներ են եղել: Ադրբեջանի ԱԳՆ վարչության պետ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքվում չեն կարծում, որ «Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կատարվել է անձնական դրդապատճառներով»: