Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Նշենք, որ այսօր աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ՀՀ-ն պատրաստ է և այս պահին քննարկում է հումանիտար օգնության տեսքով առաջին անհրաժեշտության ապրանքների փոխանցումը Թուրքիայի և Սիրիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ, ինչպես նաև փրկարար ծառայության ջոկատների գործուղումը համապատասխան վայրեր՝ գետնի վրա օգնություն ցույց տալու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է: Վերջին տվյալներով զոհերի թիվը, ընդհանուր առմամբ, մոտ է 5000-ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։