Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ Թուրքիայի միակ հայկական գյուղում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ոչ ոք չի զոհվել:
«Մենք զոհեր չունենք Վաքըֆլիում՝ Թուրքիայի վերջին հայկական գյուղում», – գրել է պատգամավորը Twitter-ում՝ նշելով, որ գյուղում երկրաշարժի պատճառով տներ են վնասվել։
Վաքըֆլի գյուղը գտնվում է Հաթայ նահանգի Մուսա լեռան լանջին և Թուրքիայի միակ պահպանված հայկական գյուղն է։ Գյուղում բնակվում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ Մուսա լեռան մոտ դիմադրություն ցույց տված հայերի ժառանգները։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: