Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը:
Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը:
Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 17-ին, որի աշխատանքը կտևի մինչև փետրվարի 19-ը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Խորհրդաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությունը պանելային քննարկմանը: