Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Սիրիայի՝ աղետից տուժած շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները հաղթահարելուն ուղղված աշխատանքները:
Հանդիպման օրակարգում էին նաև հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխգործակցությանը:
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ ՀՀ ԱԳ նախարարը Սիրիայի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:
Sana գործակալության փոխանցմամբ՝ նախագահ Ալ-Ասադը երախտագիտություն է հայտնել Հայաստանին երկրաշարժից տուժածներին ուղղված փրկարարական ջոկատների և մարդասիրական օգնության համար: Նա ընդգծել է Սիրիայի և հայերի միջև պատմականորեն ձևավորված հարաբերությունները աշխարհի տարբեր երկրներում, շեշտը դրել երկկողմ համագործակցության զարգացման վրա ՝ ի շահ երկու ժողովուրդների:
«Հայաստանը չի կարող չաջակցել Սիրիայի ժողովրդին այս ծանր փորձության մեջ, քանի որ նա անջնջելի հիշողություններ ունի այն օգնության մասին, որը Սիրիան ցուցաբերեց նրան 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո: Սիրիան նաև ապաստան և տուն է եղել հազարավոր հայերի համար, ովքեր դեռ ապրում են այնտեղ»,-գործակալության փոխանցմամբ հայտարարել է Արարատ Միրզոյանը։
Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին 7,8 և 7,7 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել, որոնք ուղեկցվել են հզոր հետցնցումներով: Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայի արաբական հանրապետությունում։