Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մեկնել է Անկարա, հաղորդում է Tasnim-ը։ Ուղևորության նպատակը, ըստ Աբդոլլահիանի, կապված է նախորդ ամիս Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետ։
Իրանի արտգործնախարարը հայտարարել է նաև իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ ծրագրված հանդիպման մասին, որի օրակարգում են վերջին միջազգային իրադարձությունները, ինչպես նաև Թեհրանի և Անկարայի երկկողմ հարաբերությունները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի թիվը Թուրքիայում գերազանցել է 46 000-ը: