Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է Կովկասում Իսրայելի ներկայության անթույլատրելիության մասին: Այս մասին նա ասել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Tasnim-ը:
Աբդոլլահիանի խոսքով՝ Իսրայելի ներկայությունը Կովկասում տարածաշրջանի առջև ծառացած կարևոր խնդիրներից մեկն է: «Իրանը բոլոր կողմերին զգուշացնում է զգոն լինել Իսրայելի նկատմամբ և թույլ չտալ նրա ներկայությունը Կովկասում», – նախարարի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Իրանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների վերականգնմանը:
Ինչպես հաղորդել է «Анадолу»-ն, մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Անկարան աջակցել է Սիրիայի հարցով աշխատանքային հանդիպման մասին ռուսական կողմի նախաձեռնությանը, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթ Մոսկվայում:
Չավուշօղլուի խոսքով՝ սիրիական թեմայով քառակողմ քննարկումներ նախատեսվում են Թուրքիայի, ՌԴ-ի, Բաշար Ասադի ռեժիմի և Իրանի մասնակցությամբ: Թուրքիան ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով, հստակեցրել է թուրք նախարարը:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Անկարա էր ժամանել մարտի 8-ին: Այցի նպատակը, ինչպես հայտարարել է նախարարը, կապված է անցյալ ամիս Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետ: