Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքպուրն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանների մոտ՝ երկրի հյուսիս-արևմուտքում, հաղորդում է Tasnim-ը:
Գործակալության տվյալներով՝ այցի ընթացքում Պակպուրը զրուցել է սահմանամերձ շրջաններում գտնվող զինծառայողների հետ և գնահատել նրանց մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև «զգոնությունն ու մարտական ոգին»: Նա նաև զինվորներին հայտնել է «զգոնության և պատրաստության» հնարավորինս բարձր մակարդակի պահպանման անհրաժեշտության մասին:
Նշվում է, որ ավելի վաղ ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել էր նաև Իրանի հյուսիս-արևելյան սահման:
Ադրբեջանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն մարտի 11-ին հայտարարել են իրանա-ադրբեջանական սահմանին իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքի հետ կապված միջադեպի մասին: Բաքվում Իրանի դեսպան Մուսավին մարտի 11-ին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան համապատասխան բողոքի նոտա է հանձնվել: Ադրբեջանում հայտարարել են նաև «իրանական լրտեսական ցանցի» հայտնաբերման և 32 մարդու ձերբակալման մասին։