Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում հղի է լուրջ ապակայունացմամբ։ Այս մասին հայտարարել են ՀԱՊԿ քարտուղարությունում կազմակերպության կենտրոնակայանում ղեկավարության ընդլայնված կազմով հանդիպման արդյունքներով։ Փոխանցում է TACC գործակալությունը։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է հղի լինել լուրջ ապակայունացմամբ: Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական»,- նշել է քարտուղարությունը:
Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է երկար տարիների հակասությունների արդյունքում, հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։
«Կազմակերպությունը մշտական պատրաստակամության մեջ է Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման և այլ օգնություն ցուցաբերել», – ասել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Մարտի 30-ին Արցախի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում։ Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին, հայտնել էր, որ Արցախի Քաշաթաղի շրջանի բարձունքները վերցվել են վերահսկողության տակ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության մասին: Նա նշել էր, որ նախօրեին տեղեկացրել են Ադրբեջանին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով և ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։
Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում է, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: