Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը «թարմ օդ» է անվանել հայկական տնտեսության համար, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Քալընը կոչ է արել տարածաշրջանում խաղաղության և կայունության մթնոլորտ ստեղծել։
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 11-ին հայտնել է, որ հայ-թուրքական սահմանը նախատեսվում է բացել ամռան սկզբին: «Հայկական կողմը աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետի կահավորման ուղղությամբ՝ գործարկման նպատակով», — պարզաբանել է նա: Ռուբինյանը հստակեցրել է, որ թուրքական կողմն էլ իր հատվածում նմանատիպ աշխատանքներ է իրականացնում։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 24-ին հայտարարել է, որ Երևանն ու Անկարան հաստատել են մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար ցամաքային սահմանը բացելու պատրաստակամությունը: Նա հիշեցրել է, որ 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Ռուբինյանն ու Սեդար Քըլըչը թուրքական կողմից պայմանավորվել են օտարերկրացիների համար սահմանի շուտափույթ բացման մասին։ 2022 թվականի փետրվարից պետությունների միջև վերսկսվել է ուղիղ ավիահաղորդակցությունը, իսկ 2023 թվականից՝ բեռնափոխադրումները։
Միրզոյանը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ փետրվարի 15-ին կայացած հանդիպմանը քննարկել է հայ-թուրքական սահմանի բացման մանրամասները։ «Մենք համաձայնագիր ունենք Անիի կամուրջը համատեղ վերանորոգելու, ինչպես նաև սահմանի ամբողջական բացման նախաշեմին համապատասխան ենթակառուցվածքի մասին», — հստակեցրել է Միրզոյանը։