Պետք է արձանագրել, որ ադրբեջանական կողմի մտացածին խոսույթներն ու պահանջներն օրեցօր փոխվում են և ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ նաև ողջ միջազգային հանրությանն արդեն դժվար է հետևել ադրբեջանական կողմի շահարկումներին: Այս մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը՝ կապված ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչի հայտարարության հետ, ըստ որի՝ Ադրբեջանը Հայաստանին 8 նախապայման է ներակայացրել։
Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնում են բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում:
«Հայտնի է, որ դեռևս 1990-ական թվականներից Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայից պաշտպանվելու և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունները կանխելու նպատակով արցախահայության կողմից ձևավորվել է պաշտպանության բանակ, որն այսօր էլ իրականացնում է իր ծառայությունը՝ գրեթե տասնամյակներ առաջ Ադրբեջանի կողմից ծրագրված նշյալ գործողությունների կյանքի կոչումը թույլ չտալու նպատակով: Պաշտպանության բանակը եղել և մնում է արդիական միմիայն Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտումների քաղաքականության, այդ թվում՝ ԼՂ բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկման, սպանությունների, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղ սնունդի և դեղորայքի մատակարարման խափանման, գազի և էլեկտրականության մատակարարումների խափանման միջոցով»,-նշվում է հայտարարության մեջ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարբեր մակարդակներով բարձրաձայնվող ութ գյուղերին, ԱԳՆ -ից հայտարարել են, որ դեռևս 1990-ական թթ. Ադրբեջանն օկուպացրել է Արծվաշենը, Տավուշի մարզի Վազաշեն և Այգեհովիտ գյուղերի վարելահողեր, Բերքաբեր և Պառավաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը, իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո նոր թափ ստացած ագրեսիայի արդյունքում՝ ևս 150 քառակուսի կիլոմետր տարածք:
«Զարմանալի է, որ Հայաստանի կողմից տարածքների օկուպացիայի մասին խոսում են մի երկրի պաշտոնյաներ, որի բարձրագույն ղեկավարությունն անթաքույց կերպով տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ՝ երբեմն նաև հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն չունի»,-նշվում է հաղորդագրության մեջ։
«Ցավալիորեն, Հայաստանի կոչերն Ադրբեջանին՝ հարգել սահմանային գիծը, որը ճանաչվել է երկու երկրների կողմից դեռևս Ալմա-Աթայի հռչակագրով, ինչպես նաև իրավական հիմնավորումներ ներկայացնել նշյալ գյուղերից մի քանիսի կապակցությամբ, մնացել են անպատասխան: Ավելին, անպատասխան է մնացել նաև 1975թ. սահմանային գծից զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հայկական կողմի առաջարկը, որը միանշանակ կնպաստեր սահմանային լարվածության նվազեցմանը և առկա մի շարք խնդիրների հասցեագրմանը»,-նշվում է գերատեսչության պատասխանում։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը պահանջել է, որ Երևանը կատարի ութ պայման՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար: Այդ պայմանները նա հնչեցրել է ապրիլի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկումների ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերն ու անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, վերադարձնի Ադրբեջանի դեռևս օկուպացված ութ սահմանամերձ գյուղերը, դադարեցնի և զերծ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործունեությունից և ապատեղեկատվությունից, վերջ տա ականապատված ահաբեկչությանը, լույս սփռի հակամարտության ընթացքում անհայտ կորած մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, փոխհատուցի Ադրբեջանին պատճառված վնասը», – ասված է հայտարարության մեջ, և բարեխղճորեն բանակցել խաղաղության պայմանագրի կնքման և երկու պետությունների միջև սահմանի դելիմիտացիայի շուրջ», – ասել է Ալիևը։