Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման համար Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն։ Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա այսպես է մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Պեսկովի խոսքով՝ առայժմ չկա որևէ այլ իրավական հիմք, որը կնպաստի կարգավորմանը։
«Ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այդ բազայի կարգավորմանը, կարող է ողջունելի լինել։ Բայց մենք նաև գիտենք, որ լինում են տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքը, ինչը հեռանկարում կարող է արդյունք չտալ։ Հուսանք, որ տվյալ դեպքում խոսքն առաջինի տարբերակի մասին է»,-հայտարարել Է Պեսկովը։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր։
Միրզոյանը ապրիլի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Հայաստանի արտգործնախարարությունը նշել էր, որ այնտեղ նա բանակցություններ է վարելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։