Սահմանազատման համար պետք է հիմք ծառայեն Խորհրդային Միության Գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզները՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ վերահաստատելով բրյուսելյան պայմանավորվածությունը, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառ․ կմ-ը և ակնկալում, որ Ադրբեջանն էլ ճանաչի Հայաստանի 29 800 քառ․ կմ-ը:
«Հիմա նրանք, ովքեր ասում են, որ Ադրբեջանը 86 600 քառ․ կմ չէ, այլ մինուս X թիվ է, նրանք ասում են, որ Հայաստանը 29 հազար 800 քառ․ կմ չէ, այլ մինուս X թիվ է, ինչքան թիվ է՝ դա էլ կորոշվի նրանից, թե ՀԱՊԿ-ում այդ օրը ինչ տրամադրություն է տիրում»,-ասաց Փաշինյանը:
ՀԱՊԿ-ին վարչապետը անդրադարձավ ոչ միայն այս ենթատեքստում․ ասաց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչողները հույս ունեն, որ եթե Ադրբեջանը հարձակվի մեզ վրա՝ ՀԱՊԿ-ը կգա մեր կողքին կկանգնի։ «ՀԱՊԿ-ն էլ արդյունքում ասում է, որ կգամ ձեր կողքը կկանգնեմ, բայց 30 հոգի շատ ուժեղ դիտորդ կուղարկեմ, այստեղ որոշում պետք է կայացնենք»,-նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը հղում արեց Ադրբեջանի սպառնալիքին, որ եթե մենք չճանաչենք իրենց տարածքային ամբողջականությունը, իրենք էլ չեն ճանաչի մերը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառ․ կմ տարածքով, որի մեջ մտնում են ե՛ւ Արցախը եւ ՀՀ Տավուշի մարզի հայկական մի քանի գյուղեր եւ Տիգրանակերտը, որոնց Փաշինյանը «անկլավներ» որակումն է տալիս։ Նա նաեւ նշել էր, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է ուղիղ քննարկումներում որոշեն անվտանգային խնդիրները։ Սա միանշանակ չընկալվեց հանրության շրջանում։ Արցախի ԱԺ-ը հրատապ նիստ գումարեց՝ անհամաձայնություն հայտնելով այս դիրքորոշման հետ։ Այս մոտեցումը ընդունելի չէ նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների համար։