Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան կարծիք է հայտնել, որ Բաքուն և Երևանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, հայտնել է Reuters-ը։
«Սա պատմական պահ է և թափ, որը չպետք է բաց թողնել», – նշել է Աբդուլաևան:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է տեսանելի ապագայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Երեկ Պուտինը, Ալիևը և Փաշինյանը պայմանավորվածություններ ձեռք բերեցին և հանձնարարական տվեցին, որ մեկ շաբաթից համապատասխան փոխվարչապետները հանդիպեն։ Դա կլինի եկող շաբաթվա վերջին։ Նրանք կհանդիպեն Մոսկվայում, և ես կհղկեն առկա խնդիրները հիմնարար ըմբռնումով, թե ինչպես կարելի է դրանք լուծել, սակայն մենք դեռ պետք է պայմանավորվենք մանրամասների շուրջ»,- նշել է Պեսկովը։
Նա նշել է, որ կա ընդհանուր տեսակետ և «պետությունների ղեկավարների ըմբռնում, թե ինչպես լուծել դա», և, հետևաբար, «աշխատանքային մակարդակում այլևս չպետք է ստեղծվեն արհեստական խոչընդոտներ»։
«Ամեն ինչ միՆչև վերջ ավարտին հասցնելու խնդիր այս պահին դրված չէ, քանի որ գլխավորը վերջնարդյունքն է։ Եվ հենց այդ պատճառով դժվար թե հիմա որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը։ Թեև, ինչպես ասվեց երեկ հանդիպմանը, հանգամանքները փոխվել են շատ առումներով և իրականում հայեցակարգային։ Այս ամենը թույլ է տալիս տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր կնքել»,- եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Մայիսի 25-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետերի հանդիպումների շրջանակում։ Մայիսի 14-ին, Ալիևն ու Փաշինյանը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպել էին Բրյուսելում։ Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ կողմերը քննարկումներ են ունեցել կոմունիկացիաների ապաշրջափակման, սահմանազատման, երկրների միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի, Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների և անհետ կորածների հարցերի շուրջ։ Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հնգակողմ ձևաչափով շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։