Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել Է արձակել Արցախի Ազգային ժողովը, նաև հայտարարել, որ Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիան «պետք է Բաքվի պայմաններով» իրականացվի:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիևը հայտարարել է, որ Արցախի խորհրդարանը «պետք է լուծարվի, նախագահը պետք է հանձնվի, իսկ բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է լքեն իրենց պաշտոնները»։
Նրա խոսքով՝ «միայն այդ դեպքում կարող են զիջումներ արվել, միայն այդ դեպքում կարող է որևէ համաներման մասին խոսք լինել»։ Նա նաև նշել է, որ Բաքուն այսօր «այս տարածաշրջանում ցանկացած գործողություն իրականացնելու համար բոլոր հնարավորություններն ունի»։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան պետք է իրականացվի Բաքվի «պայմաններով»: Ալիևի խոսքով՝ պետք է բացվի դեպի Նախիջևան տանող ճանապարհը, իսկ Արցախից «պետք է դուրս բերվեն ՀՀ ԶՈւ բոլոր ներկայացուցիչները»։