Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համատեղ «Ալպան-2023» զորավարժություններ են անցկացնում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության խոսքով, զորավարժությունների շրջանակներում «օդային ուժերը՝ թռիչքներ կատարելով ռազմական օդանավակայաններից, կատարել են հակաօդային պաշտպանության համակարգերի, հրամանատարական կետերի և կեղծ հակառակորդի կենտրոնացման օբյեկտների մեծ և կարճ հեռավորությունների վրա ոչնչացման առաջադրանքներ»:
Նշվում է, որ Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների նպատակը «ստորաբաժանումների փոխգործակցության ապահովումն ու նրանց մարտունակության բարձրացումն է»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան և Ադրբեջանը կստեղծեն օդային տարածքի կառավարման և վերահսկման միասնական համակարգ։