ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ, հայտնում է Եվրոպական միության պաշտոնական կայքը։
«Հունիսի 15-ից սկսած Լաչինի միջանցքի գրեթե լիակատար շրջափակումը խիստ մտահոգիչ է։ Դա ուղղակիորեն սպառնում է տեղի բնակչության կենսապահովմանը և լուրջ մտավախություններ է առաջացնում պոտենցիալ հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև աճող լարվածությանը։
«ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթների ընթացքում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև աճող լարվածությանը, որոնց միջազգային սահմանի երկայնքով ամեն օր արձանագրվում են կրակոցներ, ի լրումն ղարաբաղյան շփման գծում նմանատիպ միջադեպերի»,- ասված է ԵՄ պաշտոնական կայքում:
Հաղորդվում է, որ վերջին բարձր մակարդակի հանդիպումների շարքից հետո ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել ամենաբարձր քաղաքական մակարդակում՝ օգնելու թուլացնել այդ լարվածությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ:
Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։