ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է օդային տարածքի կառավարման միասնական համակարգ ստեղծելու Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը։
«Ռուսական կողմը բազմիցս արտահայտել է իր բացասական վերաբերմունքը Հարավային Կովկասի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի մշտական կամ գրեթե մշտական ենթակառուցվածքի հնարավոր ի հայտ գալու վերաբերյալ, և մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- ասել է Զախարովան՝ միաժամանակ նշելով, որ այդ հարցը պաշտպանության նախարարության իրավասության գոտում է։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Հալուք Գերգունը հայտարարել էր, որ Անկարան և Բաքուն ստեղծում են «HAKİM» օդային հրամանատարության կառավարման միասնական համակարգ։ Նրա խոսքով, ծրագրի իրականացումից հետո օդային տարածքի կառավարման միասնական գոտին կընդգրկի տարածքը «Էգեյան ծովից մինչև Կասպից ավազան»։