Հայաստանը երբեք հարթակ չի դառնա տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի հակաիրանական գործողությունների համար, այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը, հայտնում է «IRNA»-ն։
Ըստ գործակալության՝ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Հանդիպման ժամանակ Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություն՝ տարածաշրջանում ընթացող խաղաղ գործընթացի արդյունքում։
Ռայիսիի խոսքով՝ Իրանը խանգարող հանգամանքներ չի տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման համար։ Ռայիսին նաև աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ըստ Իրանի նախագահի՝ այդ բանակցությունները պետք է հիմնված լինեն ազգերի շահերի վրա և «առանց քաղաքական դավադրությունների», որոնցում ներգրավված են ԱՄՆ-ն ու Իսրայելը։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Նշվում է, որ Միրզոյանն Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև վերահաստատել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է արգելափակման անհապաղ վերացման և Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության էթնիկ զտումը կանխելու հրամայականը: