Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Ադրբեջանին նոր առաջարկներ փոխանցելու հայտարարությանը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով՝ Հայաստանը 30-60 օր չի արձագանքում Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկներին, սակայն հենց առաջարկներ է անում, անմիջապես հայտարարում է այդ մասին։
«Հայաստանի վարչապետը նոր ռեկորդ է սահմանել. նախկինում, որպես կանոն, նման հայտարարություններ անում էին 1-2 օր հետո։ Նոր փաթեթը մեզ ուղարկելուց 40 րոպե անց նրանք արդեն հայտարարել են այս մասին։
Դա ցույց է տալիս, թե որ կողմն է ավելի լուրջ վերաբերվում գործընթացին, ով է իրականում շահագրգռված դրանով, և ով է նախընտրում վերնագրերն ու քաղաքական հայտարարությունները»,- ասել է Բայրամովը։
Ավելի վաղ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ փոխանցելու մասին։ Միևնույն ժամանակ նա վերահաստատել էր Հայաստանի դիրքորոշումը, որ ԼՂ իրավունքների ու անվտանգության մասին հարցերը պետք է լուծվեն Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության միջոցով։
Հուլիսի 21-ին «France-Presse»-ին տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ հնարավոր է երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի բացակայության դեպքում։
Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը օգոստոսի 4-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ հաշտության պայմանագիր կնքելու փորձը ապագայում կարող է նոր հակամարտությունների հանգեցնել:
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը մեկնաբանել է Ռուսաստանի նախազգուշացմանը։ Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ խաղաղություն պայմանագրի դեպքում նոր հակամարտության ռիսկի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի նախազգուշացման մասին է։ Փաշինյանը վերահաստատեց հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին։
Փետրվարի սկզբին արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ստացել Ադրբեջանից։ Ավելի ուշ՝ փետրվարի 16-ին, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ավարտել է խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքի փուլը և նոր առաջարկներ է ներկայացրել Բաքվին։ Միրզոյանը մարտի 22-ին ընդգծել էր, որ Երեւանն աշխատում է պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկների վրա եւ շուտով պատասխան կուղարկի Ադրբեջանին։ Ապրիլի 20-ին Բաքուն հայտարարել էր խաղաղության առաջարկներին Երեւանի պատասխանի բացակայության մասին։