Օգոստոսի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լաչին՝ մասնակցելու «Լաչին քաղաքի օրվա» կապակցությամբ անցկացվող տոնական միջոցառումներին, հայտնում են Ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ադրբեջանական ժողովուրդը ստեղծող է։ Այն, որ մենք ընդամենը 8 ամսում վերականգնեցինք Լաչին քաղաքը, վկայում է մեր ժողովրդի և՛ տաղանդի, և՛ կամքի մասին, և միևնույն ժամանակ ցույց է տալիս, որ մենք ենք այդ հողերի տերը»,- հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիան լուրջ փորձ է արել արգելափակել Եվրամիության երկրների մասնակցությունն այս միջոցառմանը և փորձել է խոչընդոտել դիվանագետների այցն այնտեղ, բայց այս անգամ ֆրանսիացիների «սադրանքն» (չակերտները՝ Armenia Today-ի) անհաջող է անցել։
Նշվում է, որ այցին մասնակցում են նաև Եվրամիության երկրների դիվանագետներ։
Ավելի վաղ «Le Figaro» պարբերականը հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած Արցախի (Լեռնային Ղարաբաղի) 120 հազար բնակիչներին օգնելու համար։
Օգոստոսի 12-ին Ֆրանսիան պահանջել էր վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով և ապահովել բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումներով։