Օգոստոսի 29-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հեռախոզացրույցում քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ակնա-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ (ադրբեջանական ԶԼՄ-ներում՝ Աղդամ-Խանքենդի և Լաչին-Խանքենդի) ճանապարհների բացման հարցը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը նշել է, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը կարող է օգտագործվել Ադրբեջանի մաքսային և սահմանային ռեժիմի կանոնների պահպանմամբ՝ միևնույն ժամանակ, հայտնելով, որ այսօր մեքենաների շարասյունը մեկնել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության միջով՝ պարենամթերք մատակարարելու այս տարածք։
Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել նպաստել իրավիճակի կայունացմանն ու առկա լարվածության վերացմանը, և առաջարկել է շարունակել շփումները Ֆրանսիայի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հարյուրավոր արցախցիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ կանխելու Ադրբեջանից ապրանքների մուտքը։ Այս պահին երկու կողմերն էլ վրաններ են տեղադրում ճանապարհին և պատրաստվում են գիշերել այնտեղ։
Այսօր՝ օգոստոսի 29-ի առավոտյան Ադրբեջանի ԿԽՄԿ նախագահ Նովրուզ Ասլանը հայտարարել էր Աղդամի ճանապարհով Ստեփանակերտ մարդասիրական բեռներ ուղարկելու մասին։ Ընկերությունը նախատեսում է մատակարարել 40 տոննա ալյուրի արտադրանք, ինչպես նաև վրաններ, տեխնիկական սարքավորումներ կազմակերպության աշխատակիցների գործունեության համար։