Մոսկվան կողմ է Անդրկովկասում Թուրքիայի հետ համագործակցության խորացմանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Ասուլիսի տեսագրությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ YouTube-ի ալիքում։
Լավրովը նշել է, որ կողմերը մանրամասն քննարկել են Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի իրադրությունը։
«Մենք կողմնակից ենք այլ ոլորտներում համագործակցության խորացմանը, այդ թվում՝ Անդրկովկասում, և շահագրգռված ենք օգնել կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Հայաստանի միջև, ինչպես նաև իրականացնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։ 2022 թվականի նոյեմբերից սկսած՝ ներառյալ տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հետկոնֆլիկտային վերակառուցման հետ կապված։ Մենք համոզված ենք, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ջանքերում»,- ասել է նա։
Նշենք, որ ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում հրապարակված Լավրովի ելույթի տեքստում ուղղել է այն հատվածը, որը վերաբերում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին։ Գործակալության կայքում հրապարակված տեքստը վերաբերում է «2020 թվականի նոյեմբերից սկսած» ձեռք բերված պայմանավորվածություններին, այլ ոչ թե 2022 թվականի, ինչպես Լավրովն ասել է մամուլի ասուլիսում։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը գտնվում է Մոսկվայում է։ Ավելի վաղ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին Սոչիում նախատեսված է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։