Թեհրանը չի ընդունի աշխարհաքաղաքական փոփոխություններ տարածաշրջանում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Թեհրանում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո։
Ինչպես հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը, Աբդոլլահիանը նշել է, որ կովկասյան հարցում Իրանն ու Թուրքիան համակարծիք են, որ լարվածության և հակամարտությունների դարաշրջանն ավարտվել է, և այժմ եկել է համագործակցության ժամանակը։
«Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև բանակցությունները և չենք ընդունելու որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն և տարածաշրջանում առկա տարանցիկ ուղիների արգելափակում»,- հավելել է Իրանի նախարարը։
Նա նաև հայտարարել է, որ իր թուրք գործընկերոջ հետ համաձայնության են եկել Թուրքիայի արտգործնախարարի առաջարկած Իրան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափի շուրջ՝ «կովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար»։