Պատերազմը կանխելու համար օգտագործվում են բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները, ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ-ն պատերազմից խուսափելու համար։
«Այլ միջոցների մասին ԱԺ ամբիոնից չեն խոսում»,- հավելել է Փաշինյանը։
Օգոստոսի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանին լարված է, քանի որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ կա ադրբեջանական զորքերի որոշակի կուտակում։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ զոհված համարվող զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է և հայտնել, որ հայկական կողմն ունի 3 զոհ։