Կովկասի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն կհանգեցնի անվտանգության բացակայության, անկայունության և տարածաշրջանում ճգնաժամերի սրման, հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը։
Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ-ն, Թեհրանում հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձություններ, հատկապես Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտությունը։ Ահմադիանն ընդգծել է հարևան երկրների հետ Իրանի ավելի սերտ համագործակցության և փոխգործակցության քաղաքականությունը։
Նա նաև կոչ է արել կառուցողական երկխոսություն սկսել տարածաշրջանի երկրների միջև՝ ճանապարհ հարթելու «տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության համար»: Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ Թեհրանը պատրաստ է «անհրաժեշտ հարթակներ տրամադրել» տարածաշրջանի երկրների միջև բանակցությունները հեշտացնելու համար։
Իր հերթին, Գրիգորյանը համաձայնել է Ահմադիանի հետ, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն կարող է ապակայունացնել իրավիճակը և հանգեցնել ճգնաժամերի սրման, ասվում է զեկույցում։ Նա ընդգծել է Կովկասում խաղաղության ու անվտանգության համար բոլոր կողմերի ձգտման անհրաժեշտությունը, ինչպես նաև կոչ է արել սերտացնել տնտեսական և առևտրային հարաբերությունները Իրանի հետ։