Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ներկայումս «պատմական հնարավորություններ են ստեղծվել» Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների զարգացման ու խաղաղության պայմանագրի ստորագրման համար, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Ալիևն այդ մասին հայտարարել է Շուշիում՝ տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստի ժամանակ։
Թե ինչ «հնարավորությունների» մասին է խոսքը, Ալիևը չի հստակեցրել։ Նա հավելել է, որ դա թույլ կտա Հարավային Կովկասը վերածել «խաղաղության և համագործակցության տարածքի»։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Բաքուն «միշտ տարածաշրջանում խաղաղ նախաձեռնությունների հեղինակն է եղել»։ Ալիևը հավելել է, որ առաջիկա երեք տարիներին նախատեսվում է «մինչև 100 հազար բնակչի վերադարձ Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր»։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: