Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք, այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց: Նախ՝ մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետև նույն Տավուշի մարզում, օրինակ, մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբեր գյուղում, Այգեհովիտ գյուղում, Վազաշեն գյուղում, Պառավաքար գյուղում, այլ տարածքներում նույնպես»,- ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմը դեռ 2021 թվականին է առաջարկել այս հարցի լուծումը։
«Դեռևս 2021 թվականին ասել ենք, որ եկեք հիմք վերցնենք, որոշենք, թե որն է դելիմիտացիայի քարտեզը, և այդ քարտեզի սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք: Մենք հասկանում ենք, և փորձը մեզ դա ցույց է տալիս, որ չլուծված որևէ հարց կամ լուծման ռելսերի վրա չդրված որևէ հարց «իքս» պահի դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ»,- նշել է նա:
Փաշինյանի խոսքով՝ անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է մի պարզ պատճառով, որովհետև 29․800 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որը ներկայումս վերահսկվում է Ադրբեջանի կողմից։ «Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա»,- ընդգծել է վարչապետը։
Պատասխանելով Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցված քննադատությանը, թե Երևանը միակողմանիորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Փաշինյանն ասել է. «Այստեղ միակողմանի ճանաչելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև խոսքը պայմանավորվածության մասին է, և 86 600-ը և 29 800-ը դրանք երկվորյակ թվեր են: Այսինքն՝ 29 800-ը ճանաչելու համար պետք է 86 600-ը ճանաչել: Եվ 86 600-ը ճանաչելու համար պետք է 29 800-ը ճանաչել»։
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ «Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ և ընդգծել դրանց ազատագրման կարևորությունը»։