Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԵՄ-ին կոչ է արել չհրաժարվել Վրաստանից և թույլ չտալ Ռուսաստանին հզորանալ տարածաշրջանում, հայտնում է РИА Новости-ն:
Գործակալության տվյալներով՝ Զուրաբիշվիլին ԵՄ-ին կոչ է արել չլքել Վրաստանը՝ չնայած իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ իրեն իմփիչմենթի ենթարկելու փորձին։ Այսօր Վրաստանի խորհրդարանը նիստ է անցկացնում նախագահի իմփիչմենթի հարցով։
«Այս հարթակից և այս դժվարին պահին ես կցանկանայի դիմել մեր եվրոպացի գործընկերներին և կոչ անել նրանց չհրաժարվել Վրաստանից՝ չնայած այս հակաեվրոպական իմփիչմենթին: Չի կարելի թույլ տալ Ռուսաստանին մեծացնել իր ազդեցությունն այս տարածաշրջանում՝ օգտագործելով փափուկ ուժ, անուղղակի օկուպացիա կամ Սև ծովի ապակայունացում»,- ասել է Զուրաբիշվիլին խորհրդարանի ամբիոնից։
Երկրի ղեկավարը նաև ավելացրել է, որ այլևս չի պատրաստվում որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել, այլ նպատակ ունի մինչև վերջ հասցնել իր ծրագիրը և օգնել Վրաստանին մինչև տարեվերջ ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
Հոկտեմբերի 16-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը որոշել էր, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի հիմնական օրենքը՝ առանց կառավարության թույլտվության մեկնելով արտերկիր: Դատարանը թույլատրել էր սկսել իմփիչմենթի գործընթաց։ Հայցը նախկինում ներկայացրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Դատարանի որոշումը պետք է հաստատվի խորհրդարանի 150 պատգամավորներից 100-ի ձայներով, որի դեպքում նախագահը պաշտոնանկ արված կհամարվի իմփիչմենթի միջոցով: Խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս «Վրացական երազանքի» և «Ժողովրդական իշխանություն» շարժման անդամների, ներկայումս ունի ընդամենը 84 մանդատ: