Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի ր Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում խոսել են նաև «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի մասին, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են «3+3» ձևաչափի իրենց մոտեցումները։
Հոկտեմբերի 13-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպման ժամանակ կարևորել էին Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով խորհրդատվական հարթակի կանոնավոր աշխատանքը:
Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել, ժամանակին ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։
«3+3»-ը Հարավային Կովկասում համագործակցության ձևաչափ է։ Ձևաչափը ստեղծելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարել են Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ձևաչափին մասնակցելուց հրաժարվել է միայն Վրաստանը։ Իսկ տարածաշրջանի մյուս երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև այս ձևափափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերի 10-ին։