Վաղը՝ հոկտեմբերի 23-ին, Թեհրանում Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով «3+3» ձևաչափով բանակցություններ տեղի կունենան, հայտնում են ռուսական, իրանական և ադրբեջանական ԶԼՄ-ները։
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ երկուշաբթի Իրանում նախատեսված բանակցությունները:
Ըստ IRNA-ի՝ Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները վաղն Իրանում քննարկելու են Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրները և փորձելու են ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը քաղաքական, տնտեսական, անվտանգային, էներգետիկայի և այլ ոլորտներում։
Նշվում է, որ այս անգամ ևս Վրաստանը չի մասնակցի հանդիպմանը։
Հայկական կողմը դեռ չի հաստատել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը։
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտնել էր, որ հայկական կողմն Իրանում նախարարների մակարդակով «3+3» ձևաչափով հանդիպման մասնակցելու հրավեր է ստացել։
Հոկտեմբերի 13-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպման ժամանակ կարևորել էին Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով խորհրդատվական հարթակի կանոնավոր աշխատանքը:
Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել, ժամանակին ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։
«3+3»-ը Հարավային Կովկասում համագործակցության ձևաչափ է։ Ձևաչափը ստեղծելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարել են Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ձևաչափին մասնակցելուց հրաժարվել է միայն Վրաստանը։ Իսկ տարածաշրջանի մյուս երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև այս ձևափափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերի 10-ին։