Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ևՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում քննարկել են տարբեր ոլորտներում ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունից հաղորդում են, որ հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանում ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:
Ըստ հաղորդագրության, զրուցակիցները արձանագրել են, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա:
ՀՀ ԱԳ նախարարը և ԻԻՀ նախագահը կարևորել են տարբեր ոլորտներում ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը, քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Լրատվամիջոցները հայտնել էին, որ հոկտեմբերի 23-ին, Թեհրանում Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով «3+3» ձևաչափով բանակցություններ տեղի կունենան։
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտնել էր, որ հայկական կողմն Իրանում նախարարների մակարդակով «3+3» ձևաչափով հանդիպման մասնակցելու հրավեր է ստացել։