Փարիզը «ծայրահեղ զգոնություն» է ցուցաբերելու Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ պատասխանելով France-Presse-ի հարցին Թուրքիայի և Ադրբեջանի միջև համատեղ զորավարժությունների մասին։
«Ինչպես բազմիցս նշել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան, Ֆրանսիան ցուցաբերելու է ծայրահեղ զգոնություն Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած փորձի առնչությամբ», – մեջբերում է Le Figaro-ն ԱԳՆ-ից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով, հոկտեմբերի 23-ին Ադրբեջանում մեկնարկել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ մարտավարական զորավարժությունները։ Նշվում է, որ զորավարժություններին ընդհանուր առմամբ ներգրավված է մինչև 3000 անձնակազմ, 130 զրահամեքենա, մինչև 100 հրետանի և ավելի քան 20 ինքնաթիռ։