Բաքուն 8,2 միլիոն դոլար է հատկացրել դեպի Իրան նոր ճանապարհի և Արաքս գետով անցնող կամրջի կառուցման համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրանց տվյալներով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Իրանի Իսլամական Հանրապետության հետ Արցախի օկուպացված տարածքները կապող ավտոմայրուղու և Արաքս գետի վրայով անցնող կամրջի կառուցման աշխատանքները շարունակելու մասին:
Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ Թեհրանը և Բաքուն պայմանավորվել են Նախիջևանն Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական տարածքի հետ կապող երկաթուղու և երկաթուղային կամուրջների կառուցման շուրջ: Հոկտեմբերի 7-ին տեղի էր ունեցել Ադրբեջանի և Իրանի միջև ճանապարհային կամրջի և սահմանային-մաքսային ենթակառուցվածքի հիմնարկեքի արարողությունը: Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը Բաքվի համար կորցրել է իր գրավչությունը, քանի որ այդ երթուղին կարող է անցնել Իրանով: