Անկլավների հարց երկու կողմերն էլ ունեն, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Ինձ զարմացնում է, երբ մեր որոշ գործընկերներ խոսում են ինչ-որ տարածքների մասին՝ մոռանալով մեր տարածքների մասին։ Երկու կողմերն էլ միմյանց նման հարցադրում անելու որոշակի դիրքորոշում կամ տեսակետ ունեն։ Կան հանձնաժողովներ և, եթե խաղաղություն հաստատվի, այդ հանձնաժողովներն աշխատեն, դեմարկացիա-դելիմիտացիա երևույթները տեղի ունեն՝ այս և նման այլ տարաբնույթ հարցերը հերթով կքննարկվեն և, կարծում եմ, որոշակի լուծումներ կգտնենք»,- նշել է նա՝ հավելելով, որ խաղաղության պայմանագրի կնքման պարագայում կարելի է քննարկել բոլոր տարածքային ենթակառուցվածնքերի ազատականացման և օգտագործման հնարավորությունը։
Անդրադառնալով խաղաղության կոնցեպցիայի էությանը՝ Սանոսյանն ընդգծել է երկրների կողմից ենթակառուցվածքների համատեղ օգտագործման կարևորությունը։
«Մեծ հաշվով՝ կոնցեպցիան հետևյալն է․ տարածաշրջանն այնպիսին է, որ երկրները մի շարք ենթակառուցվածքներով միմյանց կապված են, խաչմերուկ է որոշակի ենթակառուցվածքների, և խաղաղության պարագայում այդ ենթակառուցվածքները կօգտագործվեն համատեղ և այլ երկրների կողմից»,- մանրամասնել է Սանոսյանը՝ նշելով, որ բոլորն են շահելու ենթակառուցվածքների համատեղ օգտագործումից։
Սանոսյանը հայտարարել է նաև Իրանը Մեղրիով և Երասխով Նախիջևանի հետ կապող երկաթուղու գործարկման կարևորության մասին։
«Մենք այդ միջոցով երկաթուղային կապ կունենանք Իրանի հետ, ինչը չափազանց կարևոր է, մեր բեռնաշրջանառության մի մասը գնացքով կարող է հասնել Երևան»,- ասել է նա։
ՏԿԵ նախարարն անդրադարձել է նաև Մեծամորի ատոմակայանին՝ նշելով, որ այն բավականին լավ վիճակում է։
«Ատոմակայանը բավականին լավ վիճակում է՝ հաշվի առնելով, որ հսկայական աշխատանք է իրականացվել և շարունակում է իրականացվել։ Մենք ունենք 2026 թվականի լիցենզիա, որոշ աշխատանքների գծով՝ մինչև 2031 թվականի։ Հիմա գտնվում ենք հետևյալ փուլում՝ ընթացքի մեջ է և դեռ հատկացումներ ունենք որոշ սկսված աշխատանքների համար, այդ ուղղությամբ հաջորդ տարի կծախսենք ևս 7 մլրդ դրամ։ Սկսում ենք ատոմակայանի կրկնակի ժամկետի երկարացման մեծ ծրագիր, որը հիմա փաստաթղթային փուլում է և հաջորդ տարի այդ ծրագրի համար նախատեսում ենք ծախսել մոտ 20 մլրդ դրամ, որի նպատակն է 2026-ի փոխարեն ստանալ լիցենզիա մինչև 2036 թվականը»,- ասել է նա։
Հոկտեմբերի 27-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն ասել էր, որ քաղաքական խնդիրների բացակայության դեպքում Հայաստանը պատրաստ է գազ ստանալ Ադրբեջանից, ինչպես նաև դառնալ Ադրբեջանից Եվրոպա գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման տարանցիկ երկիր։
Հոկտեմբերի 3-ին Թուրքիան դիմել էր ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, իբրև թե վերջինիս սեյսմիկ գոտում գտնվելու պատճառով՝ թուրք-հայկական սահմանից 16 կմ հեռավորության վրա։
Դիտեք նաև՝ «Անկլավներ». Բաքվի հաջորդ նպատա՞կ, թե՞ սակարկության առիթ