Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Ալի Նագիևը հայտարարել է, որ Հայաստանին զենքի տրամադրումը կարող է «պատերազմի վերսկսման պատճառ դառնալ»։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ԵԱՀԿ ԽՎ ղեկավար Պիա Կաումայի հետ հանդիպմանը Նագիևն ասել է, որ «անընդունելի է, որ որոշ պետություններ զինեն Հայաստանին՝ տարածաշրջանում իրավիճակը կրկին սրելու համար»։ Պետական անվտանգության ծառայության ղեկավարի խոսքով՝ նման գործողությունները «կարող են պատերազմի վերսկսման պատճառ դառնալ»։
Հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք ռադիոլոկացիոն կայան․ Երևանն ու Փարիզը պայմանավորվել էին նաև զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման շուրջ։ Նոյեմբերի 13-ին մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ֆրանսիան ռազմական օգնության շրջանակում Հայաստանին է մատակարարել «Bastion» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայի խմբաքանակ։