Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է լինի ՀՀ իրավասության ներքո։
«Մեր տեսանկյունից՝ միանգամայն տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որն անցնում է Հայաստանի տարածքով, վերահսկվում է Հայաստանի կողմից։ Կամ ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ, որն անցնում է Ադրբեջանի տարածքով կամ անցնում է, չգիտեմ, Գերմանիայի տարածքով, վերահսկվում է տվյալ երկրի կողմից։ Հետևաբար, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է»,- ասել է Կլաարը։
Ադրբեջանը, ըստ Կլաարի, ցանկանում է երաշխիք ունենալ, որ Ադրբեջանի քաղաքացիները և Հայաստանի տարածքով անցնող բեռներն ապահով կլինեն։ «Սա միանգամայն տրամաբանական է և նորմալ։ Իսկ թե իրականում ինչպես կարվի, դա Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է»,- նշել է նա։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ասել է, որ Եվրամիությունը լիովին կիսում է Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ։ «Մենք բացարձակապես կիսում ենք բաց Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին»,- ասել է նա:
Թուրքիայի և Իրանի հետ ճանապարհային և երկաթուղային կապերը, նրա խոսքով, նույնպես պետք է բաց լինեն։ «Ահա թե ինչպես ենք տեսնում ապագան, բացարձակապես, խաղաղ Հարավային Կովկասի մեր տեսլականն այն է, որ այս տրանսպորտային կապերը կրկին բաց են, և կա առևտուր, կան մարդիկ, ովքեր ճանապարհորդում են տարբեր սահմաններով»,- նշել է Կլաարը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների թեմային և ԵՄ դիրքորոշմանը նրանց հնարավոր վերադարձի վերաբերյալ։ «Մենք հստակ ասել ենք, որ բոլոր տեղահանված անձինք պետք է կարողանան ապահով վերադառնալ իրենց սկզբնական բնակության վայրերը, եթե ցանկանում են»,- ասել է նա:
Կլաարը, խոսելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Եվրամիության միջնորդական դերի մասին, ընդգծել է, որ գլխավորը խաղաղության կնքումն է, իսկ թե որտեղ կստորագրվի համաձայնագիրը՝ «քիչ կարևոր է»։ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեռ պատրաստ է որքան հնարավոր է շուտ կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում։
Կլաարը նաև մեկնաբանել է Բաքվի բացասական վերաբերմունքը զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ վերազինելու Երևանի ծրագրերի նկատմամբ։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու և գնելու այն զենքը, որն անհրաժեշտ է համարում իր տարածքը պաշտպանելու համար։ «Աշխարհի երկրների մեծ մասը զենք է գնում արտերկրից՝ իրենց տարածքը պաշտպանելու համար: Այնպես որ, այդ առումով ոչ մի առանձնահատուկ կամ վատ բան չկա»,- ասել է նա:
Նոյեմբերի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Երևանի անհամաձայնության մասին՝ իր ինքնիշխանության սահմանափակումների՝ երրորդ երկրի կողմից իր տարածքի որոշ հատվածների նկատմամբ վերահսկողություն սահմանելու միջոցով։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի վերջին ասել էր, որ Երևանը երբեք չի համաձայնել Բաքվի «արտատարածքային կամ միջանցքային տրամաբանությանը»։
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի մեջ․ կան զոհեր
Թուրքիայի Մուղլա նահանգում շտաօգնության ուղղաթիռը մխրճվել է նահանգային կենտրոնի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ է զեհվել, հայտնել...