Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Գերատեսչությունից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին են փոխանցել հարաբերությունների կարգավորմասն մասին համաձայնագրի՝ թվով 6-րդ խմբագրությունը։
ՀՀ ԱԳՆ-ն միաժամանակ հիշեցնում է, որ մինչ Հայաստանն ադրբեջանական վերջին առաջարկներն ստանալուց հետո դիտարկում էր դրանք և պատրաստակամ էր շարունակել պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները՝ չնայած ԼՂ-ում ծանր շրջափակման հետևանքով օրեցօր սրվող մարդասիրական ճգնաժամին, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց ԼՂ ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը։
«Հաջորդիվ, շարունակելով բացահայտ կերպով արհամարհել խաղաղության գործընթացին վերադառնալու հնարավորությունը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների ջանքերը, ադրբեջանական կողմը չմասնակցեց նախ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում՝ Գրանադայում, ապա Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումներին, թեև այդ հնգակողմ և եռակողմ հանդիպումները նախապես համաձայնեցված էին»,- ընդգծում են գերատեսչությունից:
Հայկական կողմը շարունակել է աշխատանքները համաձայնագրի տեքստի շուրջ՝ որպես ուղենիշ ունենալով միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների փոխադարձ ճանաչումը և հարգումը,համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և Խորհրդային ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի իրականացումը, պետությունների ինքնիշխանության ու իրավազորության լիակատար հարգման և հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։
Հայկական կողմը շարունակում է կարծել, որ չնայած բոլոր բարդություններին և մարտահրավերներին՝ կա երկու երկրների միջև խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում:
ՀՀ ԱԳՆ-ն նոյեմբերի 21-ին,հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Նույն օրն Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ իբր «խաղաղ բանակցություններում լճացումը» կապված է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի պատասխանի բացակայության հետ։