Ադրբեջանի ռազմաօդային ուժերը զորավարժությունների ժամանակ «խելացի» օդային ռումբեր են կիրառել, հայտնում է երկրի Պաշտպանության նախարարությունը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ կրակային վարժանքներ են իրականացվել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն տեխնիկայի միջոցով»,- ասվում է հայտարարությունում։
Ըստ ՊՆ-ի՝ անձնակազմի անվտանգության կանոններին ծանոթանալուց հետո իրականացվել են գործնական թռիչքներ։
Նախատեսված երթուղիներով մարտական զորավարժություններ կատարելուց հետո Սու-25ՄԼ ինքնաթիռը 250 և 500 կիլոգրամանոց «խելացի» ռումբերով հարվածներ է հասցրել ցամաքային թիրախներին մեծ հեռավորությունից։
«Ռազմական օդաչուների մարտական պատրաստվածությունը բարելավելու նպատակով կրակային վարժանքների ժամանակ մատնանշված թիրախները ոչնչացվել են հեռավոր հեռավորությունից՝ ճշգրիտ օդային հարվածներով»,- հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը և ռազմածովային ուժերը Մեծ Բրիտանիայի, Հորդանանի, Պակիստանի, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ համատեղ զորավարժություններ էին անցկացրել 2022թ. ամռանը:
Հոկտեմբերի 23-25-ը Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ մարտավարական զորավարժություններ էին անցկացրել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Բաքու քաղաքում, Նախիջևանի և Արցախի օկուպացված տարածքներում: