Երևանն ու Բաքուն փոխըմբռնում ունեն, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը կիրականացվի «բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա», ԱԺ-ում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա նաև ասել է, որ սահմանազատման հանձնաժողովների վերջին նիստում կողմերը չեն քննարկել անկլավների հարցը։
Ըստ Գրիգորյանի՝ կողմերը կաշխատեն «իրական տեղագրական քարտեզներով»։ Նա որպես օրինակ է բերել 1975 թվականի քարտեզը՝ նշելով, որ մանրամասն ուսումնասիրվելու է 1974-79 թվականներին կազմված և 22 հատվածներից բաղկացած քարտեզը։
Նա ընդգծել է, որ սահմանազատման գործընթացը բավականին երկար և բարդ է լինելու և այդ հարցում «դիսկրետ լուծում չկա»։
«Չի լինելու մի հանդիպում, որից հետո մենք գանք ու հայտարարենք՝ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է, դա ուղղակի անհնարին է։ Կարևոր է, որ կողմերը միատեսակ են ընկալում այդ գործընթացի նշանակությունն ու աշխատանքի ձևը»,- ասել է Գրիգորյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ հանձնաժողովների վերջին նիստում կողմերը պայմանավորվել են, որ «հաստատելու են աշխատակարգ, որը կնկարագրի աշխատանքի ինստիտուցիոնալ ընթացքը»՝ հավելելով, որ առաջիկայում այդ փաստաթուղթը կներկայացվի կառավարության քննարկմանը։
Նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ կողմերը պայմանավորվել են սկսել աշխատանքը սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագծի համաձայնեցման ուղղությամբ, ինչպես նաև պայմանավորվել են ակտիվացնել հանձնաժողովների նիստերը։