Հայաստանն ու Կիպրոսը դարձել են Մերձավոր Արևելքի միակ երկրները, որոնք անվտանգության սպառնալիքներ չունեն իսրայելցիների ճանապարհորդության համար, ասվում է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի քարտեզում։
«Հետաձգեք ճանապարհորդությունները դեպի այն երկրներ, որտեղ գործում են վտանգի մասին նախազգուշացումներ՝ կենտրոնանալով արաբական և մերձավորարևելյան երկրների, Հյուսիսային Կովկասի, Իրանին շրջապատող երկրների և Ասիայի մի շարք մահմեդական երկրների վրա», – խորհուրդ է տալիս իսրայելական գործակալությունն իր կայքում:
Իսրայելն Ադրբեջանը և Վրաստանը համարում է որպես պոտենցիալ վտանգավոր իր քաղաքացիների համար, իսկ Իրանն ու Թուրքիան ներառված են անվտանգության սպառնալիքի ամենաբարձր մակարդակ ունեցող պետությունների ցանկում։ Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը նման հանձնարարականները բացատրել է պաղեստինա-իսրայելական ռազմական հակամարտության հետ կապված աշխարհի տարբեր երկրներում հակաիսրայելական մեծ ցույցերով։
Հայաստանում բնակվող հրեաները հերքել էին երկրում «հակասեմականության» աճի մասին լուրերը։ Նրանք նշել էին, որ Հայաստանում հրեաների անվտանգ բնակության երաշխիքների բացակայության մասին պնդումները գալիս են Բաքվից։