Ադրբեջանը 7,6 մլն դոլար ընդհանուր արժեքով էլեկտրական սարքավորումներ պարունակող հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Փոխանցվում է, որ 20 բեռնատարներից բաղկացած բեռը ներառում է ավելի քան 551 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 6 կոմպլեկտ տրանսֆորմատորային ենթակայաններ։ Նշվում է,որ բեռը պատրաստվել է Ուկրաինայից ստացված հայտերի հիման վրա։
Դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մտահոգություն էր հայտնել, որ ՌԴ-ն համարժեք չի արձագանքում տարածաշրջանում Ադրբեջանի ու ՀՀ քայլերին: Նրա խոսքով՝ ռուսական կողմը մեծ աղմուկ էր բարձրացրել, երբ Հայաստանը հումանիտար օգնություն էր ուղարկել Ուկրաինա այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ նման օգնություն է ուղարկել, բայց ոչ մի ձայն ՌԴ ԱԳՆ-ից չի լսվել։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Ադրբեջանում Ուկրաինայի համար արկերի արտադրության մասին։ Նոյեմբերի վերջին Ադրբեջանն Ուկրաինային ականազերծման մեքենա էր հանձնել։