Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) հայտարարություն է ընդունել այսպես կոչված՝ արևմտյան ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու վերաբերյալ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայտարարության մեջ, որն ընթերցել է «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին, ասվում է, որ ադրբեջանցիները, իբր, դարեր շարունակ ապրել են ներկայիս Հայաստանի տարածքում և ենթարկվել հալածանքների։
Մարտի 14-ին Ալեքբերլին նամակ էր հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում կոչ էր արել Հայաստանի կառավարությանը երկխոսություն սկսել «Հայաստանում ադրբեջանցիների՝ իրենց տները վերադառնալու իրավունքի ապահովման» թեմայով։ Ադրբեջանում սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի ղեկավար Զահիդ Օրուջը նոյեմբերի 6-ին ասել էր, որ ադրբեջանցիների վերադարձը Երևան, Սևան և Զանգեզուր կարող է տեղի ունենալ «մոտ ապագայում»։